«Անտեր Ground. It's a Joke». երբ ծիծաղում ենք, բայց հասկանում, որ մեր կյանքի վրա ենք ծիծաղում. պրեմիերա՝ Կամերային թատրոնում

11:55 • 03.11.25

Կամերային թատրոնում կայացավ «Անտեր Ground. It's a Joke» երաժշտական ներկայացման պրեմիերան:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Սենիկ Բարսեղյանը, Սոնա Մաթևոսյանը, Զիրոյանը, Սուրեն Պողոսյանն ու երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանն, ով հանդես եկավ իր առաջնախաղով: Պիեսը Արա Երնջակյանինն է, բեմադրության հեղինակը Արշալույս Հարությունյանն է:

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, զրուցել ռեժիսորի և դերասանների հետ, ինչպես նաև ֆոտոշարքով առանձնացրել ներկայացման հետաքրքիր դրվագները։

«Ներկայացումը մեր իրականության մասին է». Արշալույս Հարությունյան

Ռեժիսոր Արշալույս Հարությունյանը պատմեց, որ այս բեմադրությունը չի վերաբեմադրվել, այլ ստեղծվել է նոր ձևով, նոր դերասանական կազմով և թարմ ռեժիսորական մտահոգություններով․

«Շատերն են հարցնում՝ արդյոք սա վերաբեմադրված տարբերակն է, բայց իրականում ոչ։ Մոտ 10 տարի առաջ այս պիեսը բեմադրվել է, բայց բոլորովին այլ դերասանական կազմով։ Սա պարզապես նույն դրամատուրգիայի հիման վրա ստեղծված նոր աշխատանք է։ Ինչպես Շեքսպիրի «Համլետ»-ը տարբեր ժամանակներում բազմիցս բեմադրվել է տարբեր տեսլականներով, այդպես էլ մեր թատրոնում պիեսները վերադառնում են նոր գույներով, նոր սերնդի ու նոր մտահոգությունների միջոցով»։

Ռեժիսորը շեշտեց, որ Արա Երնջակյանի պիեսները միշտ ունեն արդիական շունչ․

«Մեր հեղինակը կենդանի է, մշտապես վերանայում և թարմացնում է իր գործերը՝ համապատասխանեցնելով ժամանակակից իրականությանը։ Այդ պատճառով էլ մեր թատրոնի պիեսները երբեք չեն հնանում։ Դրանք մեր կյանքի մասին են՝ մեր լավի ու վատի, մեր ազգային առանձնահատկությունների, մեր մենթալիտետի ու խառնվածքի»։

Արշալույս Հարությունյանի խոսքով՝ «Անտեր Ground. It's a Joke»-ը պայմանական լոկացիայի մեջ գործող մարդկանց մասին է․

«Բեմում ներկայացված են տարբեր սոցիալական շերտերի մարդիկ՝ տարբեր մտածելակերպով ու բնավորությամբ։ Նրանց միավորում է ընդհանուր ճակատագիրն ու մի դրոշի տակ ապրելու իրականությունը։ Ներկայացումը պատմում է մեր կյանքի մասին՝ երբեմն կատակերգական, երբեմն դառը, բայց միշտ անկեղծ տոնով»։

Ռեժիսորը հավելեց, որ ներկայացման երաժշտականությունը, հումորն ու կենդանի կատարումները հանդիսատեսին տալիս են թեթևության զգացողություն, բայց դրա տակ թաքնված է խորը ու երբեմն ցավոտ իրականություն․

«Առաջին հայացքից ներկայացումը զվարճալի երաժշտական շոու է, բայց, եթե նայեք խորքում, կհասկանաք, որ այն մեր իրականության հայելին է։ Երբ ծիծաղում ենք բեմում տեղի ունեցողի վրա, իրականում մեր կյանքի վրա ենք ծիծաղում։ Այդ գիտակցումն է, որ մնում է հանդիսատեսի հետ ներկայացումից հետո»։

««Անտեր Ground»-ը մեր օրերի իրականության հայելին է». Զիրոյան

Դերասան Զիրոյանի խոսքով՝ ստեղծագործական խումբը շատ ինտենսիվ փորձաշրջան է անցել՝ սկսած սեպտեմբերից մինչև պրեմիերայից ընդամենը մեկ օր առաջ․

«Փորձերն անցան շատ համերաշխ ու աշխույժ մթնոլորտում։ Սենիկ Բարսեղյանը պատասխանատու էր պարային բեմադրությունների համար, Սուրեն Պողոսյանը՝ բենդի պրոդյուսերային մասի։ Ամեն ինչ այնքան ներդաշնակ էր, որ նույնիսկ ուզում ենք նորից փորձ անել՝ այնքան հաճելի էր այդ ընթացքը»։

Դերասանը նշեց, որ ներկայացման կարմիր և սպիտակ տարրերը խորհրդանշական են․

«Հագուստներն ավելի շատ տոնական տրամադրություն են փոխանցում։ Բայց ինչպես մեր պիեսներին հատուկ է, ամեն ինչի տակ կա երկրորդ շերտ՝ այն թաքնված ասելիքը, որը հանդիսատեսը պիտի բացահայտի բեմում»։

Զիրոյանի խոսքով՝ Արա Երնջակյանի բոլոր գործերն ունեն տողատակային, խորիմաստ ուղերձներ․

«Երնջակյանի ձեռագիրը ինձ միշտ դուր է եկել։ Նրա պիեսներն ունեն հումոր, բայց նաև հուզական խորություն։ Այս ներկայացման միջոցով էլ փորձում ենք մարդկանց փոխանցել մեսիջներ՝ երբեմն ուրախ, երբեմն տխուր, բայց միշտ իրական։ Դա մեր մասին է՝ մեր կյանքի մասին»։

Նա նաև նշեց, որ թեև «Անտեր Ground»-ը մեկ անգամ բեմադրվել էր տարիներ առաջ, այս տարբերակը լիովին նոր է․

«Եթե նույնիսկ պիեսը նույնն է, ամեն ռեժիսոր իր մոտեցումն ունի։ Այս անգամ Արշալույս Հարությունյանի տեսլականն ամբողջությամբ փոխել է ներկայացման ձևը։ Սա վերաբեմադրություն չէ, այլ նոր աշխատանք՝ նոր ուժով և բովանդակությամբ»։

«Գործը գրված է վաղուց, բայց միշտ արդիական է մնում». Սուրեն Պողոսյան

Դերասան Սուրեն Պողոսյանի խոսքով՝ «Անտեր Ground. It's a Joke»-ը ներկայացում է մեր ժամանակների, մեր իրականության ու մարդկային հակասությունների մասին․

«Եթե փորձեմ կարճ ասել, թե ինչի մասին է ներկայացումը, դա կդառնա սխալ, որովհետև այն մեր բոլորի մասին է՝ մեր կյանքի, մեր առօրյայի, մեր իրականության մասին։ Գործը գրված է վաղուց, բայց միշտ արդիական է մնում»։

Պողոսյանը շեշտեց, որ ներկայացումն ուղեկցվում է live բենդի կատարումներով, ինչը տալիս է լրիվ նոր էներգիա բեմում։

Ինչ վերաբերում է ներկայացման ուղերձին՝ դերասանը հավելեց․

«Մեր թատրոնի բոլոր ներկայացումները, այդ թվում սա, ունեն նույն առանցքը՝ ցույց տալ մեր իրականությունը։ Մենք չենք փորձում լուծումներ տալ, այլ պարզապես ներկայացնում ենք այն, ինչի մեջ ապրում ենք։ Ամեն հանդիսատես ներկայացումից հետո իր հետ ինչ-որ բան է տանում՝ մեկը հուզվում է, մեկը մտածում, մեկը ուրախանում։ Դա է թատրոնի նպատակը»։

Կամերային թատրոնի «Անտեր Ground. It's a Joke»-ը հանդիսատեսին առաջարկում է համարձակ և բովանդակային երաժշտական ներկայացում՝ լի հումորով, սարկազմով և կյանքի դառը ճշմարտություններով։ Ներկայացումը շարունակում է Արա Երնջակյանի դրամատուրգիական ավանդույթը՝ միավորելով արդիական թեմաները կենդանի երաժշտության ու թատրոնին բնորոշ անկեղծության հետ։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

«Անտեր Ground. It's a Joke». երբ ծիծաղում ենք, բայց հասկանում, որ մեր կյանքի վրա ենք ծիծաղում. պրեմիերա՝ Կամերային թատրոնում